Սեպուհ Չուլջյանն առաջադրելու է թեկնածությունը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններում

Armenpress 16:48, 9 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հայտարարել է Պոլսո պատրիարքի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Չուլջյանն ասել է «Ակոս»-ի հետ զրույցում:

«Որպես հայ առաքելական եկեղեցու սպասավոր, միաժամանակ նաև ծնունդով Մալաթիայից` թեկնածությունս առաջադրելու եմ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններում: Պատրաստ եմ ծառայել Թուրքիայի հավատավոր հայ ժողովրդին»,- նշել է նա:

Արքեպիսկոպոս Չուլջյանը նշել է, որ պետք է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են ազդել ընտրական գործընթացի վրա: «Նախ և առաջ անհրաժեշտ է չկրկնել նույն սխալները, տարբեր դիմումներով և կասկածելի քայլերով չազդել նախընտրական գործընթացի վրա: Սա մի գործընթաց է, որը կախված է մեզնից: Անհրաժեշտ է վերացնել ցանկացած ընթացակարգ, որը խոչընդոտում է ընտրական գործընթացը»,- նշել է Գուգարաց թեմի առաջնորդը:

Չուլջյանի խոսքով` պետք է հաշվի առնել հասարակության շահերը և անձնական զգացմունքներով չառաջնորդվել: «Անհրաժեշտ է հարգանք ցուցաբերել ընտրողների և թեկնածուների իրավունքների նկատմամբ, հավասար ու արդար պայմաններ ապահովել թեկնածուների համար»,- հայտարարել է արքեպիսկոպոսը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am