Հայկական կրկեսի կոլեկտիվի 60-ամյակը նշվելու է կրկեսային մեծ շքերթով

Armenpress 14:37, 10 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կրկեսի կոլեկտիվն այս տարի տոնելու է հիմնադրման 60-ամյակը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Երեւանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը, այդ առիթով Երեւան է հրավիրվել ռուսական մեծ կրկեսը: «Կրկեսի կազմում ընդգրկված կլինեն 30 ռուս դերասաններ: Մենք ցանկանում ենք այդ օրն իսկական մեծ կրկեսային շքերթի վերածել»,-ասաց նա:

Պետրոսյանի խոսքով` քանի որ դեռ ավարտված չեն Երեւանի պետական կրկեսի շենքի շինարարական աշխատանքները, շքերթը կանցկացվի Կոմիտասի այգում` նախկին Դելֆինարիումի տարածքում: «Ես շնորհակալություն եմ հայտնում Երեւանի քաղաքապետարանին` տարածքն անշահախնդիր տրամադրելու համար»,-հավելեց «Երեւանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավարը:

Հայկական կրկեսի կոլեկտիվը  հիմնադրվել է 1956-ին՝ Վ. Արզումանյանի ղեկավարությամբ։ Կոլեկտիվի նպատակն էր զարգացնել հայկական կրկեսի լավագույն ավանդույթները, ստեղծել ժամանակակից հանդիսատեսի գեղագիտական պահանջմունքները բավարարող, ազգային դիմագիծ ունեցող ներկայացումներ։ Դիմելով անցյալի ժառանգությանը՝ կոլեկտիվի առաջատար դերասանները ստեղծել են ազգային բնորոշ գույներով, տարազներով ու արտահայտչամիջոցներով, ժանրային բազմազանությամբ հարուստ ներկայացումներ։

Առանձնապես նշանակալից էին էքվիլիբրիստ Վ. Արզումանյանի, մոտոատրակցիոնիստ Լ. Հայկազունու, ժոնգլյոր Ն. Շիրայի, ակրոբատ Ա. Մագդասյանի, օդային մարմնամարզուհի Ե. Ավանեսովայի և այլոց համարները։ Թեմատիկ ներկայացումներ են ստեղծել վարժեցնող Ս. Իսահակյանը, օդային մարմնամարզիկներ Մ. և Ռ. Հակոբյանները, իր ուրույն ավանդն է ներդրել մեծատաղանդ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am