ՀՀ ԱԻ նախարարությունն անցկացրել է օդային հարձակման սցենարով ուսումնավարժություն

Armenpress 21:56, 27 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության Շենգավիթ բաժնի, նույն վարչական շրջանի «Պատանի երկրապահ» ակումբի, մենապայքարային ու խաղային մարզաձևերի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի կողմից սեպտեմբերի 27-ին անցկացվեց «Կազմավորումների գործողությունները հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նար նշված է. «Ուսումնավարժության նպատակներն էին՝

• ստուգել հակառակորդի օդային հարձակման ժամանակ արձագանքող ուժերի պատրաստվածությունը և կատարելագործել դրանց գործնական հմտությունները.  • կատարելագործել քաղաքացիական պաշտպանության կազմավորումների և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ, ինչպես նաև գործնական հմտությունները՝ փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ:

Ուսումնավարժությանը ներգրավված էին ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Շենգավիթ բաժնի թիվ 2 ՀՓՋ 1 մարտական հաշվարկ, ՔՊ բժշկական ծառայության 1 բրիգադ, համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի հասարակական կարգի պահպանման, առաջին օգնության, հակահրդեհային, փրկարարական օղակները, «Պատանի երկրապահ» ակումբի հակահրդեհային, փրկարարական, հասարակական կարգի պահպանման, կապի խմբերը և 11 նմանակողներ:

Ըստ սցենարի՝ հակառակորդը կրկին խախտել է հրադադարը և տարբեր տրամաչափի զենքերից սկսել է գնդակոծել ՀՀ սահմանամերձ գյուղերը: Տեղեկություն է ստացվել, որ Հայաստանի օդային սահմանը հատել են հակառակորդի ռմբակոծիչ ինքնաթիռներ և հնարավոր է օդային հարձակում Երևան քաղաքի վրա: Թշնամու օդուժի կողմից «ռմբակոծվել» էր մարզադպրոցի ակրոբատիկայի վարչական շենքը, վնասվել են հիմնական մասնաշենքը, հարակից շինությունները, առաջացել են հրդեհի օջախներ, փլուզումներ: Կան պայմանական վիրավորներ:

Ուսումնավարժությունը մեկնարկեց «Օդային տագնապ» ազդանշանով, ինչից հետո մարզադպրոցի աշխատակիցները և մարզիկները նկուղային հարկի 2-րդ պահեստային ելքով շենքից տարհանվեցին հարակից հրապարակ: Մինչ փրկարարական ուժերի ժամանումը` մարզադպրոցի և ԵԿՄ կազմավորումների ուժերով իրականացվեցին ընդհանուր հետախուզության, հրդեհաշիջման, փրկարարական և առաջին օգնության ցուցաբերման միջոցառումներ:

Հետախուզության արդյունքում պարզվել էր, որ «ռմբակոծության» հետևանքով փլուզված շենքում արգելափակվել է 8 մարդ և կա 3 «տուժած»: Հրշեջ-փրկարարները և պատանի երկրապահի փրկարարական խումբը միասին բացեցին շենքի փլուզված մուտքը և պատգարակներով տարհանեցին տուժածներին:

Մարզադպրոցի ՔՊ բժշկական կազմավորումը տուժածներին ցուցաբերեց առաջին օգնություն, որից հետո տուժածներին տեղափոխեցին մասնագիտացված բժշկական հաստատություններ:

Ուսումնավարժության ղեկավար, ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության Շենգավիթ բաժնի պետ, փ/ծ կապիտան Ա. Գևորգյանը նշեց. -Այսպիսի վարժանքներն արտակարգ իրավիճակներում հասարակության պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակ ունեն: Այս վարժանքն առանձնանում էր պատանի երկրապահների մասնակցությամբ, ովքեր այսօր ներգրավված էին հրդեհաշիջման աշխատանքներում և կատարեցին բոլոր առաջադրանքները:

Ուսումնավարժությանը հետևող ԵԿՄ «Շենգավիթ» բաժանմունքի պետ Գ. Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԻ նախարարությանը միջոցառման կազմակերպման համար և դրական գնահատելով պատանի երկրապահների պատրաստվածությունը` հորդորեց նրանց խորացնել արտակարգ իրավիճակներում պատրաստվածության վերաբերյալ իրենց գիտելիքներն ու հմտությունները»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am