ԵԱՀԿ ՄԽ համանախագահը խոսել է սեպտեմբերին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հնարավոր հանդիպման մասին

Armenpress 20:48, 1 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱն, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում հնարավոր է հանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Համանախագահները շարունակում են կապ պահպանել կողմերի հետ, և այս ամսվա վերջում ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում պլանավորում են հանդիպել արտաքին գործերի նախարարների հետ»,- ասել է Ուորլիքը: 

Դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հաջորդ շաբաթ համանախագահները հույս ունեն Մոսկվայում հանդիպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: «Մոսկվայում մենք մտադիր ենք քննարկել Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները: Բանակցությունների սեղանի շուրջ մենք մտադիր ենք քննարկել նաև հետագա քայլերը»,- ընդգծել է Ջեյմս Ուորլիքը: 

ՄԱԿ-ի 71-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Նյու Յորքում, սեպտեմբերի 13-26-ը:

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am