ԱՄՆ պետդեպը հորդորել է ամերիկացի դիվանագետների ընտանիքներին լքել Թուրքիան

Armenpress 10:35, 30 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը նոր նախազգուշացում է արել Թուրքիայում գտնվող կամ այնտեղ մեկնել պատրաստվող իր քաղաքացիների համար` կապված այդ երկրում առկա ահաբեկչական վտանգի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Պետդեպարտամենտի հայտարարության մեջ նշվում է, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատան և Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցները կարող են օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 23-ը կամավոր լքել Թուրքիայի տարածքը: Այդ ընթացքում ամերիկյան կողմը կփոխհատուցի իր աշխատակիցների ճանապարհային ծախսերը:

ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ նման որոշումը պայմանավորված է ողջ Թուրքիայի տարածքում ԱՄՆ քաղաքացիներին սպառնացող ահաբեկչական վտանգով: ԱՄՆ քաղաքացիներին հատկապես կոչ է արվել զերծ մնալ Թուրքիայի հարավ-արևելք նախատեսվող այցերից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am