Դավիթ Շահնազարյանը և Լարիսա Ալավերդյանը բռնությամբ հարցեր լուծելու միջոցն արդյունավետ չեն համարում

Armenpress 14:16, 17 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված գործողություններով բողոք արտահայտելու միջոցն արդյունավետ չէ:  «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով մի խումբ զինված անձանց կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելու և բռնության սպառնալիքով այնտեղ մարդկանց պահելու քայլերը` նման կարծիք հայտնեց «Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը: «Նման գործողությունները բողոք արտահայտելու համար արդյունավետ չեն: Հուսանք, որ նոր արյունահեղություն չի լինի, քանի որ դա կարող է շատ ծանր հարված լինել Հայաստանին: Միջադեպը պետք է հանգուցալուծվի` խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասաց բա` ավելացնելով, որ միջադեպին ավելի մանրամասն ծանոթանալուց հետո ավելի լայն մեկնաբանություն կտա:  

ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ  ընդգծեց, որ բողոքը բռնի ուժով արտահայտելու քայլերին ինքը դեմ է: «Ես չեմ գտնում, որ նման գործելաոճն արդյունավետ է, դա չի կարող բերել դրական արդյունքի: Նման քայլերը կարող են բերել զոհերի»,- ասաց Ալավերդյանը` ցավ հայտնելով, որ տեղի ունեցած դեպքերի հետևանքով զոհվել է մեկ մարդ:

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: ՀՀ ազգային անվտանգության ծառայության հայտարարության մեջ նշված է. «Մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել: Ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ:

ՀՀ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար: Միաժամանակ Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զանգվածային  լրատվության միջոցներին տեղեկատվություն տարածելիս օգտագործել միայն պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալները, հակառակ դեպքում սփռվող ապատեղեկատվությունը նպաստում է ձեռնարկված հանցավոր գործողությունների իրականացմանը, վտանգ ստեղծում մարդկանց կյանքի և առողջության համար»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am