Ջոն Քերին ժամանում է Մոսկվա

Armenpress 10:46, 14 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 14-ին Մոսկվա Է ժամանում՝ Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցություններ վարելու: Փորձագետները ենթադրություններ են անում, թե դիվանագետի այս այցը (չորրորդը 2015 թվականի մայիսից ի վեր) կդառնա՞ արդյոք վերջինը մինչեւ այս տարվա նոյեմբերին ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները: Բազմիցս հնչել է այն կարծիքը, թե ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը մինչեւ իր լիազորությունների ավարտը ցանկանում է հիշվել Սիրիայի, Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի ճգնաժամերի կարգավորմամբ, դրանով իսկ արդարացնելով Բարաք Օբամայի՝ խաղաղության Նոբելյան մրցանակը, որը նա ստացել է 2009 թվականին:

Ինչ վերաբերում է պաշտոնական օրակարգին, ապա Պետդեպարտամենտի ղեկավարին կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Թեմաները բավականաչափ կանխատեսելի են, դրանք են թե՛ Սիրիան, թե՛ Ուկրաինան եւ թե՛ երկկողմ հարաբերությունների հարցերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել Է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հաջորդ օրը Քերին բանակցություններ կվարի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քերին Մոսկվայում կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am