Լարսի փակվելու պատճառով Սոչիում մնացած հայ երեխաներն այս երեկո լաստանավով կուղևորվեն Երևան

Armenpress 17:59, 28 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սոչի. արվեստ. խաղաղություն» միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով Սոչի մեկնած հայկական «ՀայԱրտ» համույթի սաները, նրանց մանկավարժներն ու ծնողները հունիսի 28-ին`ժամը 19:00-ին լաստանավով կուղևորվեն նախ` Բաթում, ապա` Երևան: Նրանք Ռուսաստանից վերադառնալու դժվարություններ ունեին Վերին Լարսի անցակետի փակվելու հետևանքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, Բաթում հասնելուն պես, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը՝ նախարարի հանձնարարությամբ, երեխաներին, նրանց ծնողներին և մանկավարժներին ավտոբուսով կտեղափոխի Երևան:

Հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի և Թերեք գետի վարարման պատճառով հունիսի 23-ից փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը։ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացրել են, որ ստեղծվել է օպերատիվ խումբ, որը, տեղում ուսումնասիրելով իրավիճակը, հայտնել է, որ ճանապարհի վերականգնողական աշխատանքները կտևեն ավելի քան 10 օր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am