Լավրովը Ֆրանսիայի իր պաշտոնակցի հետ Փարիզում քննարկելու է ԼՂ հակամարտության կարգավորումը

Armenpress 16:54, 23 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 29-ին կայցելի Փարիզ, որտեղ Ֆրանսիայի իր պաշտոնակից Ժան Մարկ Էյրոյի հետ կքննարկի Ուկրաինայի, Մերձավոր Արեւելքի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Լավրովը հունիսի 29-ին աշխատանքային այցով կժամանի Փարիզ: Պլանավորվում է կարծիքների խորացված փոխանակում անցկացնել միջազգային օրակարգի հրատապ թեմաների շուրջ, անտարակույս, կարծարծվեն նոր մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում փոխգործակցության թեմաները, նաեւ Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի, Լիբիայի եւ Մերձավոր Արեւելքի հակամարտությունների կարգավորման հեռանկարները»,-ասել Է Զախարովան հունիսի 23-ին կայացած ճեպազրույցի ժամանակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am