Նախագահ Սարգսյանը շնորհակալ է Զեմանին ԼՂ հարցով հանդիպումը Չեխիայում հյուրընկալելու առաջարկի համար

Armenpress 15:33, 8 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շնորհակալ է Չեխիային Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության ընդհանուր դիրքորոշմանը  համահունչ դիրքորոշման և Մինսկի խմբի համանախագահների ջանքերին լիակատար աջակցության համար: Այս մասին Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Դրա համար ես շնորհակալությունն եմ հայտնել նախագահ Զեմանին և Չեխիայի կառավարությանը: Մենք երկուստեք կարևորել ենք Վիեննայի պայմանավորվածությունների՝  ներառյալ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերի իրականացումը, մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացումը՝ որպես հակամարտության գոտում տևական կայունության հաստատման կարևոր գրավական»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ այդ քայլերի անշեղ իրագործումն այն նվազագույն շեմն է, որը թույլ կտա ճանապարհ հարթել դեպի կառուցողական և որ ամենակարևորն է՝ արդյունքի միտված բանակցություններ: «Իհարկե, պարոն Զեմանին տեղեկացրեցի նաև Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ նոր հանդիպումների հնարավորության մասին: Եվ ես նրան շնորհակալություն եմ հայտնել նրա համար, որ նա մեզ առաջարկեց այս հանդիպումների համար օգտագործել Չեխիայի Հանրապետության հնարավորությունները»,- ընդգծեց Նախագահ Սարգսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am