Գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը տեղափոխվել է Երևանի կայազորային հոսպիտալ

Armenpress 16:25, 4 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ով  կալանավորվել էր պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով, տեղափոխվել է Երևանի կայազորային հիվանդանոց: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին հոսպիտալից՝ հրաժարվելով նրա առողջական վիճակի մասին այլ տեղեկություններ տրամադրել:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում շարունակվում է զինված ուժերի կարիքների համար տարբեր ապրանքատեսակների գնման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը։ Պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրանքներ են առաջադրվել գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և գնդապետներ Արմեն Մարգարյանին, Մհեր Պապյանին, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախնական քննության տվյալներով՝ նշված անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ձեռք են բերվել տարբեր ապրանքատեսակներ՝ շուկայական գնից բարձր, իսկ որոշ դեպքերում գնումները եղել են չպահանջված։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am