Դինքի ընտանիքի փաստաբանները դիմել են Սահմանադրական դատարան

Armenpress 15:30, 1 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության բացահայտման գործով նրա ընտանիքի փաստաբանները դիմել են Սահմանադրական դատարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Դինքի սպանության հետաքննության շրջանակում պաշտոնյաների դեմ մեղադրական դիմում պատրաստած դատախազությունը մի շարք կասկածյալներին չհետապնդելու մասին որոշում էր կայացրել: Դրանց թվում են «Էրգենեքոն»-ի դատավարության կասկածյալ, պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքը, Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգուն Գյունգորը, Ազգային հետախուզական ծառայության նախկին պաշտոնյա Օզել Յըլմազը:

Դինքի ընտանիքի փաստաբանները կասկածյալներին չհետապնդելու մասին որոշման դեմ իրենց բողոքն էին ներկայացրել դատարանին, որը, սակայն, մերժվել էր: Արդյունքում, Դինքի ընտանիքի փաստաբանները դիմել են Սահմանադրական դատարան` արդար և անկողմնակալ դատավարության իրավունքի խախտման հիմնավորմամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am