Կովկասյան ջազի փառատոնը կհասնի նաև Ախալցխայի Ռաբաթ ամրոց
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հունիսին արդեն յոթերորդ անգամ տեղի կունենա «Կովկասի ջազ փառատոն 2016»-ը: Այն կայանալու է ԱՄՆ-ի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի ջազային երաժիշտների մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «javakhq.info»-ին:
Փառատոնի համերգները կսկսվեն հունիսի 8-ից Թբիլիսիում, իսկ գալա համերգը տեղի կունենա հուլիսի 11-ին Ախալցխայի Ռաբաթ ամրոցում: Առաջին անգամ փառատոնի ընթացքում, հունիսի 1-ից մինչև 14-ը ներառյալ, համատեղ ուսուցողական ջազային ծրագրով հանդես կգա հանրահայտ սաքսոֆոնահար և մանկավարժ, ամերիկահայ Ջեյմի Էբերսոլդը, ինչպես նաև Թբիլիսիի պետական կոնսերվատորիան` երկշաբաթյա կրթական ծրագրով: Կվարեն ԱՄՆ –ի Լուիսվիլ /Louisville / համալսարանի ուսուցիչներ, երաժիշտներ Մայքլ Թրեյսը և Քրեյգ Վագները:
Փառատոնի շրջանակում նախատեսում են կլոր սեղաններ Վրաստանի, Հայաստանի, Գերմանիայի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների երաժշտության փորձագետների մասնակցությամբ: Փառատոնի կազմակերպիչն է «Art Bridge» կազմակերպությունը` Վրաստանի հուշարձանների պահպանության և մշակույթի նախարարության, ինչպես նաև Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ:
«Կովկաս ջազ փառատոն 2016-ի» գործընկերներ են թուրքական մշակութային կենտրոնը, Թբիլիսիի Վ. Սարաջիշվիլիի պետական կոնսերվատորիան, Գյոթեի անվան ինստիտուտը և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը: