Սիրիական ընդդիմության գլխավոր բանակցորդը հրաժարական է տվել

Armenpress 10:02, 30 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական ընդդիմության գլխավոր բանակցորդ Մոհամեդ Ալուշը դադարեցնում է իր գործունեությունը պատվիրակության կազմում եւ հրաժարական է տալիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա գրել է Twitter-ի իր էջում:

«Բանակցությունների երեք փուլերն անարդյունք էին ռեժիմի կամակորության, ինչպես նաեւ շարունակվող ռմբակոծումների եւ Սիրիայի ժողովրդի դեմ ագրեսիայի պատճառով»,- իր որոշումը բացատրել է Ալուշը:

Սիրիական ընդդիմության պատվիրակության ղեկավար Ասադ ալ Զուբին «Ալ Արաբիա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է. «Եթե Ալուշի հրաժարականը հաստատվի, ես նույնպես պաշտոնաթող կլինեմ»:

Դրանից անմիջապես հետո հեռուստաալիքը հայտնել է, որ սիրիական գլխավոր ընդդիմադիր խմբում՝ Բանակցությունների բարձրագույն կոմիտեում, մտադիր են վերակազմել պատվիրակությունը:

Բանակցությունների բարձրագույն կոմիտեն ստեղծվել է անցյալ տարվա դեկտեմբերին, դրանում ընդգրկվել են ընդդիմադիր տարբեր խմբերի 30-ից ավելի ներկայացուցիչներ:

Ալուշը կոմիտեում ներկայացնում է «Ջեյշ ալ Իսլամ» ազդեցիկ խմբավորումը: Նրա կողմնակիցները վերահսկում են Դամասկոսի մերձակա Ալ Գուտա օազիսը, հաղորդել Է BBC-ն:

Լուսանկարը` AP



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am