Թբիլիսիում մեկնարկում է քիմիական եւ միջուկային անվտանգության համաշխարհային կոնգրեսը

Armenpress 09:58, 30 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում բացվում է քիմիական, կենսաբանական, ռադիացիոն ու միջուկային անվտանգության եւ հետեւանքների կառավարման (World Congress on CBRNe Science & Consequence Management) հարցերին նվիրված համաշխարհային կոնգրեսը, որը կշարունակվի մինչեւ հունիսի 2-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Վրաստանի Պետանվտանգության ծառայությունը:

Վրաստանում այդ միջոցառումն առաջին անգամ կայացել է 2014 թվականի ամռանը, իսկ հիմնականում կոնգրեսն անցկացվում էր Խորվաթիայում եւ Շվեյցարիայում:

«Միջոցառումն անցկացվում է Վրաստանի Պետանվտանգության ծառայության կողմից՝ ԱՄՆ-ի կառավարության աջակցությամբ: Դրան կմասնակցեն 30 երկրների եւ միջազգային կազմակերպությունների պաշտոնական անձինք, փորձագետներ ու գիտնականներ: Քննարկվելիք հարցերի թվում են միջուկային եւ ռադիացիոն անվտանգությունը, կենսապաշտպանությունն ու կենսաանվտանգությունը, քիմիական անվտանգության ասպեկտները եւ այլն: Կոնգրեսի շրջանակներում պլանավորվում է ցուցադրական վարժանքներ անցկացնել ռադիոակտիվ նյութերի անօրինական շրջանառության դեմ»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Վրաստանում 2015 թվականի օգոստոսից Պետանվտանգության ծառայության կողմից բացահայտվել ու կասեցվել է միջուկային նյութերի անօրինական շրջանառության չորս փաստ, ընդամենը ձերբակալվել է 19 անձ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am