Հալեպի հայկական ծերանոցի հրթիռակոծման հետևանքով հայուհի է զոհվել

Armenpress 18:16, 27 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու օր է, ինչ զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Նոր գյուղը, հատկապես «Վերժին Գյուլբենկյան» մայրանոցը` ներկայում Հայ ծերանոցը: Վկայակոչելով Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի կայքը` այս մասին գրում է «Արմենպրես»-ը:

Ծերանոցի տնօրենի տեղեկացմամբ` շենքի վրա ընկած հրթիռի հետևանքով զոհվել է կառույցի ծառայողական պաշտոնյաներից մեկը` Մարալ Քիվլիկյանը: Վիրավորվել են երկու տղամարդ` Տեր Զարեհ քահանա Շաքարյանը և ծերանոցի խնամակալ Ժագ Հատատը: Վիրավորների կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում:

Կառույցը լուրջ վնասներ է կրել վերջին օրերի հրթիռակոծությունների հետևանքով: Դեպքերից հետո Նոր գյուղի հայ տղաները շտապել են օգնության: Ներկայում ծերանոցի տատիկներն ու պապիկները անվտանգության նկատառումներով տեղափոխվել են ներքնահարկ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am