Հայփոստը կմասնակցի Նյու Յորքի Համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդեսին
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայփոստը կմասնակցի «Նյու Յորքի-2016» Համաշխարհային Ֆիլատելիստական Ցուցահանդեսին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայփոստ» ՓԲԸ-ից:
Տասնամյակը մեկ կազմակերպվող մեծագույն ֆիլատելիստական միջազգային ցուցահանդեսը կայանալու է 2016թ-ի մայիսի 28-ից հունիսի 4-ը Նյու Յորքում:
Ցուցահանդեսին կմասնակցեն տարբեր երկրների հարյուր քսանից ավել ֆիլատելիստական միություններ և կազմակերպություններ, ավելի քան հիսուն երկրների փոստային կապի ազգային օպերատորներ: Հայփոստը առաջին անգամ առանձին տաղավարով է մասնակցում նմանատիպ մեծության ցուցահանդեսի, ինչը ֆիլատելիստական աշխարհի համար ավելի ճանաչելի կդարձնի Հայաստանը: Ցուցահանդեսին կներկայացվեն 2013, 2014 և 2015թ. հայկական նամականիշերի հավաքածուներ:
Միջոցառման ընթացքում Հայփոստը նախատեսում է մարել երկու գեղաթերթիկ՝ նվիրված «Նյու Յորք-2016» ցուցահանդեսին և «Ռիո-2016» ամառային օլիմպիական խաղերին:
Շարունակելով ֆիլատելիայում նորարարությունների կիրառման քաղաքականությունը, Հայփոստը հերթական անակնկալն է մատուցել ֆիլատելիստներին. «Նյու Յորք-2016» ցուցահանդեսին նվիրված գեղաթերթիկի նամականիշի պերֆորացիան արված է խնձորի տեսքով (Նյու Յորքին ամերիկյան խոսակցական լեզվով ասում են «Մեծ Խնձոր» (Big Apple):
Ցուցահանդեսի շրջանակում Համաշխարհային Փոստային Միության հովանու ներքո կկազմակերպվի ֆիլատելիստական մրցույթ, որին նույնպես Հայփոստը կմասնակցի: