Միջազգային մակարդակի միջոցառումներ Ադրբեջանի նման երկրում անցկացնելը խայտառակություն է. Դավիթ Բաբայան
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային մակարդակի միջոցառումներ Ադրբեջանի նման երկրում անցկացնելը խայտառակություն է, որը թև է տալիս ագրեսորին: Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այսպիսի քաղաքականությամբ միջազգային հանրությունը և մի շարք քաղաքակիրթ պետություններ թև են տալիս ագրեսորին: Մի պետություն, որտեղ փակվում է Ազատություն ռադիոկայանը, ԵԱՀԿ գրասենյակը, որտեղ մարդասպանին, ով կացնահարել է քնած հայ սպային Բուդապեշտում, տալիս են ազգային հերոսի կոչում, որտեղ ազգային հերոս են դառնում այն մարդիկ, ովքեր խոշտանգում են դիակներ, տարեցների, անց են կացնում առաջին Համաեվրոպական խաղերը, ՄԱԿ-ի քաղաքակրթությունների ֆորումը, պարզապես խայտառակություն է, ուրիշ ոչինչ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Բաբայանը` հավելելով, որ այդ ամենից հետո Ադրբեջանը թև է ստանում ու սկսում ագրեսիվ քաղաքականություն վարել:
Նրա խոսքով` այդ միջոցառումների անցկացման ընթացքում Ադրբեջանն իրեն զուսպ է պահում, բայց հետո «դոփինգ է ստանում», դիմում ագրեսիայի, որը դժվար է լինում զսպել: «Այս քառօրյա պատերազմը նաև նման քաղաքականության հետևանք է: Ավելին, որոշ պետությունների ներկայացուցիչներ հայտարարում են, որ Ադրբեջանը հանդուրժողականության, քաղաքակրթությունների բնօրրան է: Մենք դեմ ենք, որ միջազգային հանրությունը նման քայլ կատարի: Դա ինչ-որ ձևով լակմուսի թուղթ է, որ ովքեր սատարում են ահաբեկիչներին, մի օր այդ ահաբեկիչները գնալու են նրանց տուն»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը: