Հերմինե Նաղդալյանը Թբիլիսիում կմասնակցի Վրաստանի Անկախության տոնի միջոցառումներին

Armenpress 17:04, 26 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի պաշտոնական հրավերով մայիսի 25-27-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի է մեկնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը, որի կազմում են Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ Տաճատ Վարդապետյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Վարդան Այվազյանը, մասնակցելու է Վրաստանի Անկախության քսանհինգերորդ տարեդարձի տոնակատարությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Այցի շրջանակում մայիսի 26-ին պատվիրակությունը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ. հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը:

Վրաստանի անկախության տոնին նվիրված հոբելյանական միջոցառումների ընթացքում հայ խորհրդարանականները կմասնակցեն Թբիլիսիի Ազատության հրապարակում կայանալիք Վրաստանի զինված ուժերի երդման արարողությանը, Վրաստանի խորհրդարանի նախագահի կողմից հրավիրված պաշտոնական ընդունելությանը, ինչպես նաեւ Անկախության 25-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսին եւ համերգին:

Տեղեկացնենք, որ Վրաստանի Անկախության տոնին մասնակցելու նպատակով Թբիլիսի են ժամանել ինը երկրների խորհրդարանական պատվիրակություններ՝ Հայաստանից, Լեհաստանից, Ուկրաինայից, Լիտվայից, Լատվիայից, Իսրայելից, Չեխիայից, Բելառուսից, Թուրքիայից:

Վրաստան է ժամանել նաեւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am