Քառօրյա պատերազմի հետևանքով իրենց բնակավայրը լքած անձինք ապաստանում են Արցախի այլ շրջաններում. նախարար

Armenpress 12:29, 26 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քառօրյա պատերազմի հետևանքով իրենց հիմնական բնակության վայրերը լքած արցախաբնակները կամ վերադառնում են իրենց բնակավայրեր, կամ Արցախի տարածքում այլ բնակարաններում են ապաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայիսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Արցախի նախագահը, կառավարությունն ու վարչապետը հստակ ներկայացրել են կառավարության ծրագրերն ու քառօրյա պատերազմի հետևանքով իրենց հիմնական բնակության վայրերը լքած քաղաքացիներին և բնակարանով, և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու պատրաստակամության մասին: Շատ առարկայական աշխատանքներ արդեն իսկ տարվում են: Այն քաղաքացիները, ովքեր գտնվում էին, մասնավորապես, Ստեփանակերտում հյուրանոցներում արդեն վերադարձել են մի դեպքում` իրենց բնակավայրեր, մյուս դեպքում` Արցախում առկա այլ բնակարաններ»,-ասաց Արտեմ Ասատրյանը:  Նրա խոսքով` այդ ուղղությամբ տարվող աշխատանքները բավարար են, որպեսզի նշյալ անձինք, կենսագործունեության համար բավարար պայմաններ ունենալով, գնան և բնակվեն նշյալ վայրերում:

Ինչ վերաբերում է Թալիշում իրենց տունը թողած քաղաքացիներին, ովքեր ապաստան են գտել Երևանում և ՀՀ մարզերում, Արտեմ Ասատրյանը նշեց. «Իրենց էլ է վերաբերում այդ առաջարկությունը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am