ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են գործողությունները միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում

Armenpress 10:20, 26 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության երկրների ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել, որի ընթացքում քննարկվել է միավորման արձագանքը Մեծ Բրիտանիայի հնարավոր դուրս գալուն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության հարցի շուրջ հանրաքվեն նշանակված է հունիսի 23-ին: Հարցումների համաձայն՝ Brexit-ի կողմնակիցների եւ հակառակորդների թվաքանակը մոտավորապես հավասար է:

«Խոսքն այն մասին է, որ ունենանք պատրաստված տարբերակ, այլ ոչ թե սպասենք հունիսի 23-ին»,- գործակալությունը մեջբերել է իրադրությանը ծանոթ ԵՄ-ի աղբյուրի խոսքը:

Հանդիպումն անցկացրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի կաբինետի ղեկավար Մարտին Սելմայերը: Ինչպես նշում է գործակալությունը, դրան մասնակցել են Գերմանիայի եւ Ֆրանսիայի դիվանագիտական շրջանների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Ֆրանսիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am