Հայաստանի ավելի քան 625 հազար բնակչի սպառած էլեկտրաէներգիայի գումարը սուբսիդավորվել է

Armenpress 16:01, 25 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից սպառողներին տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը 2016 թվականի ապրիլին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց կազմել է 571 մլն դրամ, ինչը 33 մլն դրամով ավել է նախորդ ամսվանից։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԷԲՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Փոխհատուցումից օգտվել է ավելի քան 625 հազար բնակիչ-բաժանորդ։ Նախորդ ամսվա համեմատ սպառողների այս խմբում ընդգրկվածների թիվն ավելացել է ևս 54 հազարով։ Բնակիչ-բաժանորդների ավելի քան 80 տոկոսը ապրիլին օգտվել է փոխհատուցումից։ Բնակչության համար սուբսիդավորման ենթակա գումարը գերազանցել է 547 մլն դրամը։

Անցած յոթ ամիսներին, ընդհանուր առմամբ, տրամադրվել է ավելի քան 5,5 մլրդ դրամի փոխհատուցում, գերակշիռ մասը՝ 5,3 մլրդ դրամը, բնակիչ-բաժանորդներին։ Հիշեցնենք, որ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի որոշմամբ, սուբսիդավորումը տրամադրվում է ամսական մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդներին և մինչև 500 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող ՓՄՁ-ներին՝ 250 կՎտ-ի դիմաց:

Փոխհատուցման տրամադրումը կշարունակվի մինչև 2016թ. հուլիսի 31-ը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am