Պետնախարար Թայեն բարձր է գնահատել եթովպահայ համայնքի ներդրումը երկրի կյանքում

Armenpress 19:03, 19 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Մելքոնյանը (նստավայրը՝ Կահիրե) մայիսի 17-ին Ադիս Աբեբայում հանդիպում է ունեցել Եթովպիայի արտաքին գործերի պետնախարար Թայե Աթսքե Սելասիի հետ. քննարկվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, երկուստեք կարևորվել է քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի, մշակութային փոխանակման ակտիվացումը։ Պետնախարար Թայեն բարձր է գնահատել եթովպահայ համայնքի ներդրումը երկրի հասարակական, մշակութային և տնտեսական կյանքում։

Դեսպան Մելքոնյանը պետնախարարի ուշադրությանն է ներկայացրել ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած աննախադեպ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացված վայրագությունները, 1994թ. զինադադարի և հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերականգնմանն ուղղված Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am