ԵՏՀ նախարարը մոսկովյան խանութներում հայկական ապրանքների աճ է նկատում, դա է վկայում նաև վիճակագրությունը

Armenpress 16:28, 12 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ապրանքների արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ 2016-ի առաջին ամիսներին աճ է գրանցել` ի համեմատ 2015-ի նույն ժամանակահատվածի: Այս մասին մայիսի 12-ին Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան: «Հայաստանից ապրանքների արտահանման ցուցանիշները տպավորիչ են: Այս տարվա հունվար-փետրվարի վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանից Բելառուս արտահանումն աճել է 45 տոկոսով` ի համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի: Չորս անգամ ավելացել է Հայաստանից Ղրղզստան  արտահանումը, իհարկե, ծավալները փոքր են, բայց աճը նշանակալի է: Երկու անգամ էլ ավելացել է Հայաստանից Ռուսաստան արտահանումը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Վալովայան:

Նա նկատեց, որ հայկական ապրանքների արտահանումը խթանող բոլոր պայմանները կան, ներկայում հարցը նշանակալիորեն բիզնեսի հարթությունում է, ընկերություններն իրենք պետք է ակտիվություն դրսևորեն: «Արդեն մեկ տարի է անցել, շատ արտահանողներ են սկսում օգտվել ԵԱՏՄ ընձեռած հնարավորություններից: Ես մոսկովյան խանութներում տեսնում եմ հայկական մեծաքանակ ապրանքներ»,-հավելեց ԵՏՀ նախարարը:

Վալովայան հավաստիացրեց, որ ուրախ կլինեն հարթել դժվարությունները, որոնք կառաջանան հայ գործարարների գործունեության դեպքում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am