Քառօրյա պատերազմը վերացրեց ադրբեջանական միֆը, թե 90-ականների պատերազմի ընթացքում ռուսական զինված ուժերն օգնել են հայերին. պատգամավոր

Armenpress 14:54, 2 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմի ընթացքում լիովին վերացավ այն միֆը, որ ադրբեջանցիները պնդում էին, թե 90-ականների պատերազմի ժամանակ իրենք անհաջողության են մատնվել, քանի որ հայկական ուժերին ինչ-որ չափով օգնել են ռուսական զինված ուժերը: Մայիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչպես է գնահատում Ռուսաստանի դիրքորոշումը քառօրյա պատերազմի ընթացքում:

«Ես կարծում եմ, որ ցանկացած պետություն առաջին հերթին հույսը պետք է իր վրա դնի: Եվ հետո, ավարտված քառօրյա պատերազմի ընթացքում վերացավ այն միֆը, որ ադրբեջանցիներն ասում էին, թե 90-ականներին իրենց անհաջողության են մատնվել, քանի որ հայերին որոշ չափով օգնել են ռուսական զինված ուժերը: Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ նման բան չի եղել, իսկ մեր զինված ուժերը ունակ են, իսկ մեր մարտական ոգին բավարար, որպեսզի կարողանանք դիմակայել և համարժեք հակահարված տալ ադրբեջանական հրոսակներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:

Պատգամավորը համոզված է, որ իրավիճակն ապակայունացնելու՝ ադրբեջանական կողմի ցանկացած փորձ դատապարտված է ձախողման: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am