ԼՂ հարցով բանակցությունների վերսկսման համար Հայաստանն առաջադրում է 3 պայման. Շարմազանով

Armenpress 21:46, 28 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում կուսակցության նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է կյանքի կոչել երեք քայլ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԳՄ նիստին հաջորդած լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մանրամասնելով, որ այդ երեք կետերն են հետաքննության մեխանիզմների ներդրումը, հասցեական հայտարարությունները և երաշխիքները, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ:

«Այս պահին բանակցությունների վերսկսման մասին խոսելը վաղ է: Երբ որ գնում են մարտական գործողություններ, երբ դրանք ամբողջությամբ չեն ավարտվել, երբ Ադրբեջանը խախտում է թե’ 1994թ-ի զինադադարի պայմանները, որը նա ստորագրել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ, թե’  Մոսկվայում կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը, բանակցությունների վերսկսման մասին խոսելը վաղ է: ՀՀ-ն մնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Խնդիրը պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պայմաններում, և առանց պաշտոնական Ստեփանակերտի որևէ մեկը չի կարող հասնել ամբողջական լուծման»,- ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նրա խոսքով` կուսակցության ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր վերջին հանդիպումների, հեռախոսազրույցների մանրամասները, ինչպես նաև իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Քննարկվել են ներքին քաղաքական հարցեր ևս, սակայն հիմնականում խոսակցության առարկան եղել են արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնահարցերը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am