ԱՄՆ Կապիտոլիումում Հայոց ցեղասպանության տարելիցին միջոցառում է անցկացվել

Armenpress 12:23, 28 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամները Կապիտոլիումում մասնակցել են Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, նրանք նշել են, որ Միացյալ Նահանգները որպես ազգային քաղաքականության հարց պետք է աշխատի Հայոց ցեղասպանության հանցագործության ճշմարիտ և արդարացի ճանաչման ուղղությամբ:

Միջոցառմանը մասնակից օրենսդիրները մտահոգություն են հայտնել, որ ԱՄՆ պաշտոնյաները և միջազգային հանրությունն անտարբեր են մնում հակահայկական բռնության ու ցեղասպանության նկատմամբ, և այդ ամենն անգամ ԼՂ-ում վերսկսված բռնությունների ֆոնին:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել օրենսդիրներից յուրաքանչյուրին, ով միացել է մեզ այսօր, և բոլոր նրանց, ովքեր աշխատում են` դադարեցնելու պաշտոնական ԱՄՆ-ի մեղսակցությունը Անկարայի կողմից ցեղասպանության ժխտմանը, ինչպես նաև վերջ դնելու վարչակազմի մտահոգող լռությունը ԼՂ-ում ադրբեջանական աճող ռազմական ագրեսիայի վերաբերյալ»,- նշել է Հայ դատի ԱՄՆ հանձբախմբի ղեկավար Արամ Համփարյանը:

Երեկոյի մասնակիցների շրջանում քննարկման առաջնային թեմաներից է եղել իրադրությունը Լեռնային Ղարաբաղում: Կոնգրեսականները կոչ են արել զրոյացնել ռազմական օգնությունն Ադրբեջանին, իսկ շատերը հորդորել են վերջին բռնությունների լույսի ներքո ավելացնել Արցախին տրամադրվող աջակցությունը:

Միջոցառմանը մասնակից օրենսդիրների շարքում են եղել Ռոբերտ Մենենդեսը, Ֆրանկ Փալոնեն, Ռոբերտ Դոլդը, Էդ Ռոյսը, Ադամ Շիֆը, Աննա Էշուն, Ջուդի Չուն, Քեթրին Քլարկը, Ջիմ Կոստան, Լինդա Սանչեսը, Լորետա Սանչեսը, Ջոն Սարբանեսը, Բրեդ Շերմանը, Դինա Տիտուսը, Դևիդ Թրոտը և այլք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am