Հայտնի է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի` Հայաստան ժամանելու օրը

Armenpress 12:50, 19 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Հայաստանում պաշտոնական այցով կլինի ապրիլի 25-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը: «Բան Կի-մունը Հայաստանում կլինի ապրիլի 25-ին: Նա այցելելու է տարածաշրջան, լինելու է նաև Վրաստանում, Ադրբեջանում: Հայաստանում նա մեկ օր է մնալու»,-տեղեկացրեց Արմինե Հալաջյանը:

Այն դիտարկմանը, թե ֆրանսահայ լեգենդար երգիչ Շարլ Ազնավուրի պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն է առկա, թե Բան Կի-մունը Հայաստանում ներկա կլինի «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությանը, Արմինե Հալաջյան պատասխանեց, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ֆիզիկապես չի կարողանա ներկա գտնվել մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենալու ապրիլի 24-ին:

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը տեղեկացրել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն ապրիլի վերջին ծրագրում է առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև երկրորդ անգամ լինել Վրաստանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am