Գեղարքունյաց թեմը սատարում է Արցախին եւ զոհված զինծառայողների ընտանիքներին

Armenpress 12:00, 18 Ապրիլ, 2016

ԳԱՎԱՌ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ  Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմն ակտիվորեն աջակցում է փորձության մեջ հայտնված Արցախին, առաջնագծում գտնվող մեր զինվորներին ու կամավորներին, ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ Գեղարքունիքի մարզից զոհված զինծառայողների ընտանիքներին:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունյաց թեմի առաջնորդարանից,  մարզի  Մարտունու տարածաշրջանի ազգաբնակչության միջոցներով հավաքվել եւ  Արցախ է հասցվել երեք բեռնատար ավտոմեքենա սննդամթերք: Օգնությունը տեղ հասցնողներին  ուղեկցել են Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր- Կիրակոս վարդապետ Դավթյանը եւ Մարտունու Ծովինար համայնքի հոգեւոր հովիվ Տեւ- Գեւորգ քահանա Բարսեղյանը: Հոգեւորականներն այցելել են Մարտունի -2, Մարտունի- 3 զորամասեր, հանդիպում  ունեցել հրամանատարական կազմի եւ զինվորների հետ: Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի  ուղեկցությամբ երկրորդ այցը դեպի Արցախ կազմակերպվել է  ապրիլի 14-ին:

Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի արեւմտյան թեմի հոգեւոր հովիվ Տեր- Ավետիս քահանա  Աբովյանի միջոցներով Քարվաճառի դիրքապահ զինվորներին է փոխանցվել 100 զույգ ռետինե կոշիկ, 20 հատ արեւային էներգիայով սնվող դաշտային լապտեր եւ 20 հատ հեռադիտակ: Հոգեւորականները եղել են Յաշակ կոչվող դիրքերում, հանդիպել  դիրքապահ մեր մարտիկներին եւ հրամանատարական կազմին:

«Ապրիլի 17-ին Գեղարքունյաց թեմը հայտարարել  է մեկշաբաթյա դրամահավաք՝ Արցախում կռվող մեր զինվորներին, ինչպես նաեւ մարզի զոհված ազատամարտիկների ընտանիքներին նյութապես աջակցելու նպատակով: Հանգանակությունը կատարվում է  Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ հատկացված հանգանակությունների գրքում նշելով հանգանակողի անունը, հանգանակված գումարի չափը: Փորձության ժամին մեզ ոչ միայն միասնություն է պետք, այլ նաեւ՝ հայրենանվեր բարեգործական ձեռնարկներ, նյութական օժանդակություն հայրենյաց պաշտպանների ընտանիքներին, առաջնագծում գտնվողներին: Մենք ե՛ւ աղոթքով, ե՛ւ բարեգործական ամենատարբեր ձեռնարկներով զորակցում ենք սուրբ հայրենյաց պաշտպաններին, խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը»,-նշեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am