Հայաստանի կողմից ԼՂ անկախության չճանաչումը փոխզիջում է. ՀՀ Նախագահ

Armenpress 12:41, 8 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը չճանաչելը փոխզիջում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գերմանական Deutche Welle -ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Դա մեր կողմից փոխզիջում է: Եթե այսօր Հայաստանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դա կնշանակեր, որ մենք հրաժարվում ենք հակամարտության կարգավորման հարցով նստել բանակցային սեղանի շուրջ: Եթե մենք ճանաչում ենք ԼՂ անկախությունը, ապա էլ ինչի՞ շուրջ պետք է տարվեն բանակցությունները: Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպեսզի ավելորդ կերպով չբարդացնենք իրադրությունը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ապրիլի 6-7-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում էր: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Յոախիմ Գաուկի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի, Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահող Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: «Դոյչե Վելե»-ին տված հարցազրույցում նախագահը պատասխանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի, ԵԱՏՄ-ին անդամակցության և Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման վերաբերյալ հարցերի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am