Ադրբեջանը կշարունակի իր ագրեսիվ պահվածը. Ռուբեն Սաֆրաստյան

Armenpress 14:05, 1 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան հարցի վերաբերյալ անցկացվող  հանդիպումներից առանձնապես դրական սպասումներ պետք չէ ունենալ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը պատրաստ է հրաժարվել վերջին շրջանում ցուցաբերած ագրեսիվ պահվածքից, դրա նախադրյալները չկան: Նրա այդ ագրեսիվ պահվածը ռազմավարական նշանակություն ունի: Ալիևը նպատակ է դրել փոխել ստատուս քվոյի իրադրությունը, որը գոյություն ունի ԼՂ կարգավորման հարցում»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:   

Դրանից բացի, կա ևս մեկ գործոն: Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը նաև որոշակի ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի պահվածքի վրա:

«Ադրբեջանը կձգտի, հաշվի առնելով ավագ գործընկերոջ, մեծ եղբոր խորհուրդները, հորդորները, էլ ավելի սրել իրադրությունը Հարվային Կովկասում, այդպիսով իսկ նպաստելով թուրքական ծրագրերի իրականացմանը: Այսինքն` Թուրքիան, ռուս-թուրքական հարաբերությունների սրացման պարագայում, կշարունակի որպես գործիք օգտագործել Ադրբեջանը»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանն` ընդգծելով, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում ներկայում դրական փոփոխություններ սպասելն իմաստ չունի: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am