Կոնգրեսականները կոչ են անում Օբամային վաշինգտոնյան այցի ժամանակ ճնշում գործադրել Ալիևի նկատմամբ

Armenpress 11:05, 30 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Վաշինգտոն կատարելիք այցի նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի 54 ներկայացուցիչներ կոչ են արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ճնշում գործադրել նրա նկատմամբ` ընդունելու Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ Ռոյս-Էնգել առաջարկները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, ԱՄՆ նախագահին ուղղված նամակը հեղինակել են Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և կոնգրեսական Բրեդ Շերմանը:

«Մենք ողջունում ենք խաղաղության պահպանման միջոցների նկատմամբ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի աջակցությունը և հուսով ենք, որ Ադրբեջանը ևս կվերացնի իր առարկությունները և հնարավորություն կստեղծի դրանց ժամանակին իրականացման համար: Այս ոգով էլ կոչ ենք անում Ձեզ Միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում աշխատանք տանել Լեռնային Ղարաբաղի խնդրի հիմնական կողմերի հետ` իրականություն դարձնելու Կոնգրեսի անդամների կողմից առաջարկված և Ձեր վարչակազմի կողմից աջակցություն ստացած խաղաղությանն ուղղված միջոցառումները»,- ասված է կոնգրեսականների նամակում:

Կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոթ Էնգելի առաջարկները բաղկացած են երեք կետից. առաջին` բոլոր կողմերի համաձայնություն շփման գծում չտեղակայել դիպուկահարներ, ծանր զինտեխնիկա, երկրորդ` ԵԱՀԿ-ի վերահսկողության տակ սահմանին տեղակայել հրաձգությունն արձանագրող համակարգեր, ձայնային դետեկտորներ, որոնք հնարավորություն կտան որոշել կրակի աղբյուրը, երրորդ` հրադադարն ավելի լավ վերահսկելու նպատակով տեղակայել առավել մեծ թվով ԵԱՀԿ դիտորդներ:

Օբամայի վարչակազմը ողջունել է նշված առաջարկները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am