Շտայնմայերը Ռուսաստանին հորդորել է օգնել Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու հարցում

Armenpress 15:00, 14 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Ռուսաստանի կոչ է արել օգտագործել իր ողջ կարողությունը, որպեսզի ապահովվի Սիրիային հումանիտար օգնության տրամադրումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Ես հորդորում եմ Ռուսաստանին և կրակի դադարեցման գործում բոլոր մյուս մասնակից պետություններին օգտագործել իրենց ազդեցությունը, որպեսզի ապահովեն Սիրիային հումանիտար օգնության տրամադրումը, իսկ նախագահ Բաշար Ասադի ռեժիմին և սիրիական ընդդիմությանը` իջեցնել ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված լարվածության մակարդակը»,-Շտայնմայերի խոսքերն է մեջբերում Deutsche Welle հեռուստառադիոընկերությունը: Նրա խոսքերով, անթույլատրելի է, որպեսզի մյունխենյան պայմանավորվածությունները «թաղվեն ռումբերի տակ»:

Մյունխենում Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպման մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել մեկ շաբաթում Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմ սահմանել, արագացնել հումանիտար օգնության տրամադրումը և աշխատել սիրիական ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու ուղղությամբ: Միաժամանակ, որոշվել է շարունակել ԻՊ-ի դեմ պայքարը:

 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am