Ադրբեջանի ՊՆ-ը խոստովանել է տարվա սկզբից 5-րդ զինծառայողի կորուստը

Armenpress 14:18, 13 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է փետրվարի 12-ին ադրբեջանական բանակի կրտսեր սերժանտ Էլմիր Սարխան օղլու Զեյնալովի մահվան մասին` չնշելով այլ մանրամասներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրվեջանական ԶԼՄ-ները:

Դրանով Ադրբեջանի ՊՆ-ը խոստովանել է այս տարվա սկզբից Ադրբեջանի զինված ուժերում եւ պաշտպանական համակարգի այլ կառույցներում արդեն 5-րդ զինծառայողի մահը: 

ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների, ինչպես նաեւ ոչ պաշտոնական աղբյուրների եւ սոցցանցերի հաղորդագրությունների համաձայն` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 7 զոհ, 2 վիրավոր:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ փետրվարի 12-ին եւ լույս 13-ի գիշերը հակառակորդը, խախտելով հրադադարը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ 900 կրակոց է արձակել, եւ ՊԲ առաջապահ զորամասերի պատժիչ քայլերի արդյունքում` հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am