Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտը և բուհերն ստորագրել են 2016 թվականի համագործակցության պլանը

Armenpress 18:24, 12 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանակ-հասարակություն կապերի ամրապնդմանը նպատակաուղղված միջոցառումների շրջանակում փետրվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և ռազմաուսումնական հաստատությունների ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում ստորագրվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016 թվականի համագործակցության պլանը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ստորագրել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության և Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի միջև ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկան և ուսուցման գործընթացը ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում կազմակերպելու մասին պայմանագիրը:

Ողջունելով հյուրերին՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ պաշտպանական և կրթական ոլորտների փոխգործակցության պլանի շրջանակում անցկացվող միջոցառումները միտված են ռազմական ինստիտուտների և քաղաքացիական բուհերի միջև ուսանողների ու դասախոսների շարժունության խթանմանը, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այսօրինակ ծրագրերը ծառայում են իրենց նպատակին՝ դրական ազդեցություն թողնելով թե՛ դասախոսների, և թե՛ ուսանողների ու կուրսանտների հետագա գործունեության, նրանց ստեղծագործական մտքի զարգացման վրա: Ըստ այդմ՝ պաշտպանության նախարարը հույս է  հայտնել, որ անցկացվող միջոցառումները շարունակական և առավել արդյունավետ բնույթ կկրեն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am