Մանկավարժական համալսարանում անցկացվեց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված նկարչական մրցույթ-փառատոն
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում փետրվարի 12-ին տեղի ունեցավ մրցույթ-փառատոն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ «Մեկ դար ու ավելի …» խորագրով:
Մշակույթի ու արվեստի ուսուցանումը, մշակութային ավանդույթների պահպանումը կարևոր դեր ունեն մանուկներին կրթելու և դաստիարակելու հարցում: Այդ իսկ պատճառով ՀՀ ԿԳՆ-ն Գեղագիտության ազգային կենտոնի հետ համատեղ ստեղծել են համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը «Մեկ դար ու ավելի …» խորագրով:
Միջոցառումը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ և նվիրված է հայոց պատմության մեջ անջնջելի հետք թողած ողբերգական իրադարձություններին, հայ ժողովրդի մաքառումներին: Մրցույթին մասնակցում են Հայաստանի 97 ,Արցախի 5 և Սփյուռքի 13 երկրների 36 կրթական և մշակութային հաստատությունների աշխատանքներ: Ներկայացվել են նկարներ, գոբելեններ, քանդակներ և այլ ստեղծագործություններ: Մրցույթի առաջին փուլի ընտրության արդյունքում ցուցահանդեսին ներկայացվել են Հայաստանի 40, Արցախի 3 և Սփյուռքի 32 դպրոցների 250 նկարներ: Ստեղծագործությունների հեղինակներն անդրադարձել են Ցեղասպանության թեման պարունակող գրողներին, պոետներին, Հայ Դատի պատմությանը:
«Այս միջոցառման մեջ մրցույթն ավելորդ է: Սա փառատոն է, ոչ թե մրցույթ: Մեզ համար 100-ամյակին անդրադարձ կատարելը տոն է,որովհետև մենք դրանով հաղթեցինք պատմությանը և ցույց տվեցինք, որ մեզ բնաջնջելը անհնարին է, մենք կանք և կլինենք»-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:
Մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը. «Մենք ամփոփել ենք 2015 թվականը, սակայն մեր անելիքներն անվերջ են: Քանի դեռ կա հիշողությունը, հիշողության ուժը , մենք չենք կարող հանգստանալ: Յուրաքանչյուրս պետք է հասկանա կարևոր մի բան. ինչպես փոխանցել հիշողությունը,ինչպես փոխանցել պայքարի մղումը: Եղեռնից փրկված ազգը կարողացավ վերգտնել իր ուժը և ստեղծեց 20-րդ դարի վերջին իր պետականությունը: Խորհրդանշականն այն է, որ 2015-ին կարողացանք հավուր պատշաճի իրականացնել հիշատակի արարողությունները և 2016-ին պետք է նշենք ՀՀ 25-րդ տարեդարձը: Սա նույնպես պարտավորեցնող է»:
Մասնակիցներին ողջունեց և շնորհակալագրեր հանձնեց ՀՀ ԿԳՆ Գեղագիտական ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը: Մրցույթ-փառատոնի 2-րդ փուլում ընտրվել են 15 գլխավոր հաղթողներ, 16 հաստատություններ արժանացել են խրախուսական և 8-ը՝ ակտիվ մասնակցության համար մրցանակների: