Շավարշ Քոչարյանը Բաքվին ցույց է տվել Մինսկի խմբի ձևաչափից ազատվելու կարճ ճանապարհը

Armenpress 15:42, 11 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Բաքվին ցույց է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից ազատվելու կարճ ճանապարհը: «Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից ազատվելու համար Բաքուն պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և ԼՂ-ի հետ ուղիղ բանակցություններով ճշգրտի երկու պետությունների սահմանները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ հայտարարել է Շավարշ Քոչարյանը:

Ադրբեջանը բազմիցս հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների հիմնական` Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացվող երկխոսության ձևաչափի փոփոխման հայտարարություններով և նախաձեռնություններով: Մինսկի խմբին անգործության մեջ մեղադրելու հայտարարություններ են արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նրանք անգամ մեղադրել են համանախագահներին իբր կրոնական խտրականություն դնելու մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am