Հայաստանում երաժշտությունը պետք է ներկայացվի բարձր որակով

Armenpress 12:07, 11 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի միակ ցանկությունն է, որ Հայաստանում երաժշտությունը ներկայացվի բարձր որակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի մշակութային կյանքում տիրող իրավիճակին`մասնավորապես օպերային թատրոնում տեղի ունեցած փոփոխություններին և նվագախմբերի հակամարտություններին` դիրիժոր նշեց. «Ես ոչ մեկին կողմ եմ, ոչ դեմ, ես ունեմ իմ շրջապատը, երաժշտական գործունեությունը: Կամերայինից փորձում եմ դուրս չգալ: Իմ միակ ցանկությունն այն է, որ մեզ չխանգարեն: Իսկ ով ինչ ուզում է անի` իր գործն է:

Իմ միակ ցանկությունն է, որ Հայաստանում երաժշտությունը ներկայացվի բարձր որակով, որ չամաչենք հյուրախաղերի գնալիս, որ հայ ազգը լավ ներկայացնենք: Ես աշխատում եմ իմ նվագախմբի հետ, ունեմ ընկերներ, որոնց հետ ջերմ հարաբերություններ եմ պահպանում: «Նվագախմբի տղաները» ֆիլմում մաեստրոն ասում է. «Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»: Ինձ երաժշտությունն է հետաքրքրում: Եթե ինձ չեն խանգարում` ոչ մեկին դեմ չեմ: Իմ ուշքն ու միտքը երաժշտությունն է»,-նշեց Վահան Մարտիրոսյանը:

ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն այլևս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորը չէ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որոնց առաջարկն արվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի կողմից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am