Կառավարությունը հավանություն տվեց Չեռնոգորիայի հետ զբոսաշրջության և ներդրումային համաձայնագրերի կնքմանը

Armenpress 11:34, 11 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվելու է զբոսաշրջության բնագավառում համագործակցության, ինչպես նաև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագրեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրերի կնքմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ զբոսաշրջության ոլորտում համագործակցության համաձայնագիրն ուղղված է երկու երկրների միջև այս ոլորտում իրավապայմանագրային դաշտի ստեղծմանն ու առավել սերտ համագործակցության ապահովմանը, ինչն էլ կնպաստի երկու պետություններում զբոսաշրջության կայուն զարգացմանն ու զբոսաշրջային հոսքերի ավելացմանը: «Համաձայնագրի հաստատմամբ հնարավոր կլինի ստեղծել պայմաններ` ուղղված երկու պետությունների միջև զբոսաշրջային փոխայցելությունների ընթացակարգերի դյուրացմանը` երկու երկրների օրենսդրությանը համապատասխան: Համաձայնագրի շրջանակներում կողմերը միմյանց կօժանդակեն զբոսաշրջության բնագավառի կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցում և կխրախուսեն երկու երկրների զբոսաշրջային օպերատորների ու լրագրողների փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպումը»,- ասաց նախարարը:

Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը: Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորում է լիակատար պաշտպանություն և ապահովագրություն, ինչպես նաև ներդրումների ընդունում` կողմի օրենսդրությամբ վերապահված իրավունքների համաձայն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am