Թուրքական մամուլը հայտնում է, որ Ստամբուլում պոլսահայ ընտանիքի վրա հարձակված անձինք ՀՀ քաղաքացիներ են

Armenpress 11:02, 11 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ ընտանիքի վրա հարձակում իրականացրած և այդ հանցագործությունը կազմակերպված անձինք ՀՀ քաղաքացիներ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ակոս» պարբերականը, այս մասին հայտարարություն է տարածել Տրապիզոնի հանրապետական դատախազությունը:

Տրապիզոնում ձերբակալված անձինք արդեն տեղափոխվել են Ստամբուլ: Հաղորդվում է, որ ձերբակալված 8 անձանցից 5-ը կանայք են, բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ: Նրանք են՝ Արթուր Ա., Արամ Ե., Սերգեյ Բ., Մարիաննա Ե., Լիդա Բ., Նարգիզ Բ., Արմինե Մ., Քրիստինա Մ.: Հանցագործներից մեկը Դեմիրջիների աշխատողն է եղել, ով էլ, ըստ նախնական վարկածի, կազմակերպել է կատարվածը:

Փետրվարի 6-ին Շիշլիի Ջումհուրիեթ փողոցի տներից մեկում բնակվող հայ 85-ամյա Հակոբ Յաքուփ Դեմիրջիի և 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիի տան վրա հարձակում էին գործել: Հարձակումն իրականացնող երեք անձինք գողացել էին տան թանկարժեք իրերը, 100 հազար թուրքական լիրա (34 հազար ԱՄՆ դոլար): Նրանք հայ զույգին կապել էին «խոզի կապանք» անվանմամբ հայտնի ձևով, ինչը թույլ էր տվել ենթադրելու, որ կատարվածը ատելության հողի վրա իրականացված հանցագործություն է:

Կատարվածի մասին ահազանգել էր տան աշխատողը, ով հերթական անգամ եկել էր պոլսահայ զույգի տուն, սակայն դուռը նրա առջև ոչ ոք չէր բացել: Հակոբ Դեմիրջին կապանքի հետևանքով խեղդվել էր, իսկ նրա կնոջը հոսպիտալացրել էին:

Հանցագործությունից հետո թուրքական ոստիկանությունը հետաքննություն էր սկսել հարձակվողներին հայտնաբերելու նպատակով: Տարածքի տեսխցիկների ձայնագրություններից իրավապահները կարողացել էին իմանալ նրանց դեմքերը: Հայտնի էր դարձել նաև, որ հարձակում իրականացրած երեք անձինք մեքենա էին վարձել և Ստամբուլից ուղևորվել էին Տրապիզոն: Հենց այդտեղ էլ ոստիկանությունը նրանց ձերբակալել է: Հանցագործները կեղծ փաստաթղթերով նպատակ են ունեցել Տրապիզոնից գողոնով փախչել Վրաստան: Ձերբակալվել են նաև Ստամբուլում հանցագործության իրականացմանն աջակցած, մեքենա վարձած և արտասահման փախչելու հարցում նրանց օգնած 5 անձինք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am