Ամերիկահայ ուսանողները Լոս Անջելեսում Ցեղասպանության ճանաչմանն ուղղված լուռ ակցիա են իրականացրել

Armenpress 16:00, 10 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում գտնվող Օքսիդենթալ քոլեջի (Occidental College) Հայ ուսանողների ասոցիացիան (ASA) Ջոնսոն ուսանողական կենտրոնում լուռ ակցիա է անցկացրել` ուղղված Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է քոլեջի պաշտոնական կայքը:

Մասնակից ուսանողներն իրենց բերանները փակել են ժապավեններով, որոնց վրա գրված են եղել «ժխտում», «արդարություն», ինչպես նաև իրենց սպանված նախնիների անունները: Նրանք նաև պահել են պաստառներ, որոնցով կոչ են արել աշխարհի տարբեր երկրների կառավարություններին չժխտել Հայոց ցեղասպանությունը:

«Մեզ համար կարևոր է փորձել և միավորվել: Որքան ավելի շատ մարդ իմանա այս մասին, այդքան ավելի շատ բան կարող ենք անել մենք: Ես հավատում եմ, որ նոր սերունդը մարդու իրավունքների հարցով ամբողջությամբ այլ մտածելակերպ կունենա»,- ասել է Հայ ուսանողների ասոցիացիայի համանախագահ Լիզա Նաջարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am