Հայաստանն ու Չեռնոգորիան խորացնում են փոխգործակցությունը ներդրումների ներգրավման և զբոսաշրջության ոլորտներում

Armenpress 19:49, 9 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվելու է  զբոսաշրջության բնագավառում համագործակցության, ինչպես նաև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագրեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` համաձայնագրերի նախագծերին հավանություն տալու մասին հարցերն ընդգրկված է են ՀՀ կառավարության փետրվարի 11-ի նիստի օրակարգում:

Զբոսաշրջության ոլորտում համագործակցության համաձայնագիրն ուղղված է երկու երկրների միջև այս ոլորտում իրավապայմանագրային դաշտի ստեղծմանն ու առավել սերտ համագործակցության ապահովմանը, ինչն էլ կնպաստի երկու պետություններում զբոսաշրջության կայուն զարգացմանն ու զբոսաշրջային հոսքերի ավելացմանը:

Համաձայնագրի հաստատմամբ հնարավոր կլինի ստեղծել պայմաններ` ուղղված երկու պետությունների միջև զբոսաշրջային փոխայցելությունների ընթացակարգերի դյուրացմանը` երկու երկրների օրենսդրությանը համապատասխան: Համաձայնագրի շրջանակներում կողմերը միմյանց կօժանդակեն զբոսաշրջության բնագավառի կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցում  և կխրախուսեն երկու երկրների զբոսաշրջային օպերատորների ու լրագրողների փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպումը:

Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը:

Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորում է լիակատար պաշտպանություն և ապահովագրություն, ինչպես նաև ներդրումների ընդունում` կողմի օրենսդրությամբ վերապահված իրավունքների համաձայն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am