Իրաքը հետաքրքրված է Հայաստանի առողջապահական համակարգի ձեռքբերումներով

Armenpress 17:55, 9 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղդատում տեղի ունեցած հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստում քննարկվել են նաև առողջապահության ոլորտին առնչվող հարցեր։ Հանձնաժողովում ներկայացված ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը մասնակցել է երկու երկրի առողջապահական համակարգերի համագործակցության խթանմանն ուղղված քննարկումներին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխնախարարի խոսքով՝ իրաքյան կողմին հետաքրքրել են մեր երկրում մանկական սրտային վիրաբուժության, իրաքցի հիվանդ երեխաների բուժումը Հայաստանում իրականացնելու հնարավորությունները։

Օնկովիրաբուժության ոլորտում Իրաքի առողջապահության համակարգի ղեկավարները հետաքրքրված են իրենց մասնագետների վերապատրաստման, բժիշկների և բուժքույրերի գործնական ունակությունների ու հմտությունների բարելավմանն ուղղված դասընթացների կազմակերպումով` ինչպես Իրաքում, այնպես էլ` Հայաստանում։

Հանձնաժողովի նիստի արդյուքներով ստորագրված արձանագրությունում ներառվել են նաև դեղերի շրջանառությանը, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկմանը վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am