Շվեդիան ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման կողմնակից է

Armenpress 12:04, 9 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիան Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը տեսնում է Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` խաղաղ բանակցությունների ձևաչափով: Այս մասին Երևանում հայտարարեց Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը, ով առաջին պաշտոնական այցն է կատարել Հայաստան: «Մենք պարոն Նալբանդյանի հետ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, սա լավ առիթ էր մեզ համար հասկանալու, թե ձեր կողմից ինչպես է այս խնդիրը ընկալվում: Պետք է նշեմ, որ ռազմական լուծում չկա այս հակամարտությանը և պետք է ամեն ինչ անել, որ էսկալացիա չլինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Շվեդիայի ԱԳ նախարարը: Նա հավելեց, որ երկու կողմերին էլ հորդորում են աշխատել այս թնջուկի խաղաղ լուծման ուղղությամբ: 

Ավելի վաղ Մարգոտ Վալստրյոմն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հանդիպում ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, նախատեսվում է Շվեդիայի ԱԳ դեսպանի այցը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Հայաստանի Հանրապետության եւ Շվեդիայի Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հուլիսի 10-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am