Էդվարդ Նալբանդյանը Մայա Գոյկովիչին է ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման ՀՀ և Մինսկի խմբի ջանքերը

Armenpress 18:14, 8 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սերբիայի Ազգային ժողովի (Նառոդնա սկուպշտինա) նախագահ Մայա Գոյկովիչին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով Սերբիայի ԱԺ նախագահին Երևանում՝ ՀՀ արտգործնախարարն արժևորել է հայ և սերբ ժողովուրդների միջև ձևավորված պատմական, ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք լավ հիմք են հանդիսանում երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մայա Գոյկովիչը նշել է, որ Սերբիան կարևորում է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, և ինքն ուրախ է լինել Սերբիայի խորհրդարանի առաջին նախագահը, ով այցելում է Հայաստան։

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության սերտացման և միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում առավել արդյունավետ համագործակցության հարցեր։

Նախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am