ՀՀԿ-ն առաջադրեց ՄԻՊ-ի իր թեկնածուին` Արման Թաթոյանին

Armenpress 15:14, 5 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը մեկ ժամ տևած քննարկումից հետո հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հանրապետականները հաստատեցին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանի թեկնածությունը: Արման Թաթոյանն իր հերթին լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ տվել է իր համաձայնությունը: «Այո, Հայաստանի Հանրապետական կուսակցություն խմբակցությունը որոշել է ինձ առաջադրել օմբուդսմենի պաշտոնում»,-ասաց Թաթոյանը` նշելով, որ կարող է լինել անկաշկանդ իր գործունեության մեջ ընտրվելու դեպքում: «Ես համզոված եմ, որ կարող եմ անկաշկանդ լինել ու քաղաքացու կողքին` օմբուդսմենի առջև դրված խնդիրներին համապատասխան»,-նշեց Արման Թաթոյանը:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները ՄԻՊ-ի իրենց թեկնածուների մասին դիմումները հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև փետրվարի 9-ը: Այս պահի դրությամբ ՕԵԿ-ը հայտարարել է, որ առաջադրելու և պաշտպանելու է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, իսկ ԲՀԿ-ն ունի իր սեփական թեկնածուն` երիտասարդ իրավաբան Մակար Եղիազարյանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am