Սեյրան Օհանյանն ընդունել է իրանական պատվիրակությանը

Armenpress 10:34, 5 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 4-ին ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության «ԷԹՔԱ» կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Մեհդի Քարբալայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին սննդարդյունաբերության, տեքստիլ արդյունաբերության, կառուցապատման և այլ ոլորտներում մասնագիտացած իրանական ընկերության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև համագործակցություն ծավալելու հնարավորությունները:

Մինչև փետրվարի 7-ը նախատեսված աշխատանքային այցի ընթացքում իրանական պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև ՀՀ արդյունաբերական մի շարք ձեռնարկությունների ղեկավարության հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am