Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգում են տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության հարցեր

Armenpress 19:12, 26 Հունվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղդադում հունվարի 26-ին մեկնարկել է հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը, որը համանախագահում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Զեյդանը։ Հայկական պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի, էներգետիկայի, առողջապահության, էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներ։ Հանդիպումների օրակարգում ընդգրկված են տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության հարցեր։

Նիստի ընթացքում կողմերը հատուկ ընդգծել են վերջին տարիներին Հայաստանի և Իրաքի միջև բազմաթիվ բնագավառներում և հատկապես առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ակտիվությունը և ապրանքաշրջանառության նկատելի աճը։ Աշխատանքային խմբերը քննարկեցին համագործակցության խորացման և նոր ուղիների որոնման հարցեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, այցի շրջանակներում նախարար Երիցյանը հանդիպում է ունեցել Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի հետ և նրան փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները Իրաքի եղբայրական ժողովրդին։ Նախարարը նշել է, որ Հայաստանի և Իրաքի ժողովուրդներն ունեն բազմաթիվ պատմական ընդհանրություններ, դարեր շարունակ կողք կողքի են ապրել միևնույն միջավայրում, և ՀՀ իշխանությունները հանձնառու են ամենայն կերպ ամրապնդել բարեկամությունը և նպաստել երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը։

Ընդգծվել է երկու երկրների միջև օդային ուղիղ կապ ունենալու և դրան զուգահեռ նաև ցամաքային հաղորդակցության ուղիների զարգացնելու կարևորությունը, ինչպես նաև գործարար շփումներն ընդլայնելու անհրաժեշտությունը։

Նախագահ Մասումը, իր հերթին, ողջույններ ու բարեմաղթանքներ է փոխանցել ՀՀ Նախագահին և հայ ժողովրդին։ Նրա կողմից հատուկ ընդգծվել է հայության ներկայությունը Իրաքում և նրանց մասնակցությունն ու ունեցած նպաստը երկրի զարգացման գործում։ Նախագահը նշել է, որ հայության ներկայությունը Իրաքում ունի հարյուրամյակների պատմություն, երկրի բազմաթիվ բնակավայրերում կարելի է գտնել հայկական հետք, իսկ համայնքին հուզող արդի հարցերը մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում։

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել իրաքյան իշխանությունների կողմից հայ համայնքին ցուցաբերած աջակցության համար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am