ԵԱՏՄ աշխատանքային խմբերը քննարկում են թուրքական գյուղմթերքի բացակայությունը Միության անդամ երկրների միջոցով լրացնելու հարցը

Armenpress 21:01, 4 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 4  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ-ում գյուղատնտեսության ոլորտում ստեղծվել է 12 աշխատանքային խումբ, որոնք նպատակաուղղված են ԵԱՏՄ անդամ երկրներում համատեղ ծրագրերի իրականացմանը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը:

«12 խմբերն աշխատում են տարբեր ուղղություններով: Կան խմբեր, որոնք զբաղվում են գյուղատնտեսության ընդհանուր զարգացման հայեցակարգի մշակմամբ: Դրա շրջանակներում մեր փորձագետները ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների մասնագետների հետ մշակում են զարգացման ռազմավարություն՝ ըստ պահանջարկի: Օրինակ, աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունքում ԵԱՏՄ անդամ որոշ պետությունններում ստեղծվում է համապատասխան պահանջարկ որոշ գյուղատնտեսական մթերքների համար»,- նշեց Հարությունյանը` հավելելով, որ իրենք փորձում են փոխանցել այդ աշխատանքային խմբերին տեղեկատվությունը, որը հետագայում ներկայացվում է յուրաքանչյուր պետության մասնավոր սեկտորի քննարկմանը:

2016թ-ի հունվարի 1-ից Ռուսաստանն արգելում է Թուրքիայից ներկրվող որոշ ապրանքների մուտքը:Անդրադառնալով այս հարցին` փոխնախարարը նշեց, որ  ԵԱՏՄ շրջանակներում աշխատանքային խմբերը քննարկում են խնդիրը՝ պատրաստելու համար ապրանքների ցանկն ու գնահատելու նոր շուկայական հնարավորությունները ու ազդեցությունները: Դրանից հետո աշխատանքային խմբերի առաջարկները կներկայացվեն պետությունների մասնավոր սեկտորներին․

«ՀՀ գյուղատնտեսության նախարարության քաղաքականությունը ուղղված չէ այլ պետությունների միջև կոնֆլիկտների առաջացման արդյունքում շուկայական հնարավորությունների օգտագործմանը: Մեր ռազմավարությունը կայանում է ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում վերացած խոչընդոտների տված հնարավորություններն օգտագործելու մեջ: Իհարկե, աշխարհաքաղաքական փոփոխությունները բերում են որոշակի ժամանակավոր արտոնությունների, որոնցից մենք կարող ենք օգտվել»,- ասաց Հարությունյանը:

Նրա դիտարկմամբ` հաշվի առնելով  ընդհանուր քաղաքականությունը, երբևէ շեշտադրում չի արվում ժամանակավոր երևույթներին, այլ փորձ է արվում աշխատել ԵԱՏՄ-ի շրջանակներում ստեղծվող այն հնարավորություններով, որոնք ստացվել են Մաքսային միության անդամ դառնալու պարագայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am