Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ բարձր է 9 սանտիմետրով

Armenpress 16:48, 2 Դեկտեմբեր, 2015

ԳԱՎԱՌ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :  Սեւան քաղաքում գործող հանրային երկու լողափերից բացի, առաջիկայում հանրային լողափեր կունենան եւս 5 գյուղական համայքներ` Ծովագյուղը, Լճաշենը, Ծովազարդը, Նորատուսը, Դրախտիկը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի վարիչ Համբարձում Համբարձումյանը, Ծովագյուղում 2015 թվականին հանրային լողափի համար հատկացվել է տարածք, պատվիրվել նախագիծ, իրականացվել են հարթեցման աշխատանքներ: Հանրային լողափի կառուցման համար տեղական բյուջեից եկող տարի կհատկացվի համապատասխան գումար:

Հանրային լողափերի քանակի ավելացումը բխում է այս տարվա սեպտեմբերի 23-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականներից: «Մարզի ռեկրեացիոն գրավչությունը բարձրացնելու համար եւ հանրային լողափերի քանակն ընդլայնելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարին եւ Գեղարքունիքի մարզպետին ՀՀ Նախագահի կողմից հանձնարարվել է «Սեւան Ազգային պարկ»-ի տարածքում շահառու համայնքների վարչական տարածքներում նոր հանրային լողափերի ստեղծման հնարավորությունների քննարկման հիման վրա համապատասխան առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը համարժեք ուսումնասիրությունից եւ շահագրգիռ կազմակերպությունների հետ կայացած քննարկումներից հետո նախապատվությունը տվել է Լճաշեն, Ծովազարդ, Նորատուս եւ Դրախտիկ համայքներին: Առաջարկությունը ներկայացվել է ՀՀ կառավարության հաստատմանը»,-նշեց Համբարձում Համբարձումյանը:

Իսկ Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի 2-ի համեմատ բարձր է ինը սանտիմետրով: Ըստ Գավառի Օրհուս բնապահպանական կենտրոնի տվյալների, 2015 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 23 սանտիմետր բարձրության վրա:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am